երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր

ԿԳՄՍ փոխնախարարները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում:

Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել ինչպես շենքային պայմանների և ենթակառուցվածքների խնդիրներին, այնպես էլ բովանդակային և կառուցվածքային մի շարք հարցերի: Առանձնապես կարևորվել են շենքի բարեկարգման, մասնագիտական գույքի, պարագաների համալրման խնդիրները, որոնց ուղղությամբ քննարկվել և նախանշվել են լուծման հնարավոր ուղիներ:

Նախարարի տեղակալները պատասխանատուների հետ քննարկել են նաև 2023 թվականին քոլեջում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ընթացող բեմադրական աշխատանքները: Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով կբեմադրվի Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ գործողությունը, որով սաները հանդես կգան ինչպես քոլեջի, այնպես էլ Հայաստանի օպերայի և բալետի բեմերում:

Շրջայցի շրջանակում Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը դիտել են քոլեջի առաջին, երկրորդ և ավարտական կուրսերի սաների մասնագիտական փորձը, որոնք ներկայացրել են «Ռայմոնդա» բալետից հատվածներ:

  • Կիսվել: