ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կգա մի օր, երբ Երեւանում կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը. Նամին

Կգա մի օր, երբ Երեւանում կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը. Նամին

Մի առիթով կոմպոզիտոր, ռեժիսոր, հայազգի ռուսաստանաբնակ արվեստագետ Ստաս Նամինն ասել է, որ որ Օհան Դուրյանն ուներ սիմֆոնիա գրելու հստակ համակարգ (սխեմա) եւ այն փոխանցել է իրեն, գրում է «Հայկական ժամանակը»:

Աղբյուրը զրուցել է Նամինի հետ՝ փորձելով պարզել, թե արդյոք մինչեւ հիմա նրան ուղեկցու՞մ է Դուրյանի «սխեման», օգնու՞մ է աշխատանքներում, թե՞ ոչ:

Ստաս Նամինը պատասխանել է. «Օհան Դուրյանը համաշխարհային մակարդակի մեծ երաժիշտ է, միաժամանակ՝ նաեւ մաքրագույն հոգի ու ազնիվ սիրտ ունեցող մարդ: Ինձ նրա հետ ծանոթացրել էր իմ ընկեր Վահան Վարդապետյանը՝ 2001 թ. Մոսկվայում: Դա այն ժամանակ էր, երբ մաեստրոյին դուրս էին արել Երեւանի օպերային թատրոնից: Օհան Դուրյանը 1999 թ. ցմահ նշանակվել էր Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար (ինչպես Զուբին Մետան՝ Իսրայելում):

Այդպիսով գնահատվել էր նրա ահռելի ներդրումը համաշխարհային երաժշտության մեջ ու մաեստրոյի նկատմամբ ժողովրդական սերը: Այդ նշանակումը կատարվել էր Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հրամանով, իսկ նրանց մահից հետո Օհան Դուրյանը հեռացվել էր ու ստիպված էր լքել Հայաստանը: Բնականաբար, ես նրան անմիջապես առաջարկեցի դառնալ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, որը ստեղծել էի 1980 թ.: Մի շարք համերգներ ունեցանք Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ու Չայկովսկու դահլիճում, եւ Մոսկվան պայթել էր նրա ապշեցուցիչ տաղանդին ծափահարելիս: Նա ղեկավարել է ամենաբարդ ստեղծագործությունները, այդ թվում՝ Բերլիոզի, Դեբյուսիի, Բրամսի եւ այլ դասականների՝ առանց պարտիտուրաների, անգիր: Ես այն տարիներին նոր էի սկսել սիմֆոնիկ երաժշտությամբ զբաղվել եւ գրել էի «Աշունը Պետերբուրգում» սյուիտը: Եվ նա, լսելով այն, ինձ համոզում էր լրջորեն զբաղվել սիմֆոնիայով:

Չունենալով կոնսերվատորիայի հիմքային կրթություն՝ ես դրա մասին չէի էլ երազում: Բայց նա պատմել էր ինձ սիմֆոնիա ստեղծելու իր հեղինակային համակարգի մասին: Ծանոթանալով այդ համակարգին, որոշեցի փորձել: Ճիշտ է, իրականում իմ առաջին սիմֆոնիան սկսել էի 2014 թ., բայց, անշուշտ, դրանով հենց նրան եմ պարտական: Նրա հեռանալուց մի քանի տարի առաջ Վահանի հետ նրա մասին մի ֆիլմ նկարահանեցինք, որտեղ Վալերի Գերգիեւն ու այլ մեծ երաժիշտներ խոսում էին նրա՝ որպես համաշխարհային մեծության մասին: Ֆիլմի պրեմիերան Երեւանում էր: Ներկա էր ողջ վերնախավը, այդ թվում՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը եւ այն ժամանակ ձեր թերթի («Հայկական ժամանակի») խմբագիր ու երիտասարդների սիրելի Փաշինյանը: Բայց այդ իրադարձությունը ամբողջությամբ անտեսվել էր ՀՀ իշխանության կողմից, որն այն ժամանակ գլխավորում էր Քոչարյանը:

Օհան Դուրյանը, տեսնելով կոռուպցիան ու այն տարիների իշխանության ապօրինությունները, մինչեւ իր վերջին օրերը պայքարում էր դրա դեմ, բացահայտ ասում այն ամենը, ինչ մտածում էր: Բնականաբար, հենց դա էր պատճառը, որ 2000-ականներին ՀՀ իշխանությունները նրան չէին ընդունում ու խտրական վերաբերմունք էին ցուցաբերում: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ Երեւանում կտեղադրվի նրա արձանը»:

  • Կիսվել: