երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը կհյուրընկալի 500 օտարերկրյա պատվիրակների

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը կհյուրընկալի 500 օտարերկրյա պատվիրակների

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Օլիմպիադան, որն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, կանցկացվի հուլիսի 10-18-ը Երևանում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ միջազգային նման միջոցառումների անցկացում դառնում է ՀՀ կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: «Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է STARMUS գիտության և արվեստի փառատոնը, մայիսին Երևանում անցկացվեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, հաջորդ տարի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ծրագրեր ունենք: Կարևորում ենք նաև Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացումը»,-շեշտեց փոխնախարարը:

Նա վստահ է՝ Հայաստանում կրթության զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին. անհրաժեշտ է ինտեգրել կրթական համակարգն ու կրթական գործընթացները միջազգային հարթակներում՝ զարգացման հեռանկարներ բացելու համար:

Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ օլիմպիադաների անցկացման տրամաբանության մեջ ընդգծվում է բնագիտական ուղղությունը, որովհետև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների զարգացումը կրթության բնագավառի առաջնահերթություններից է: «Հույս ունեմ, որ Կենսաբանության օլիմպիադայի անցկացումը կարող է խրախուսել սովորողներին մեծացնել հետաքրքրությունն այդ գիտակարգի նկատմամբ»,-նշեց նախարարի տեղակալը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նմանատիպ օլիմպիադան մեկանգամյա միջոցառում չէ, այն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն թե՛ տնտեսության, թե՛ կրթության և գիտության  վրա: «Օլիմպիադայի ընթացքում Հայաստան են ժամանելու  մի քանի տասնյակ երկրներից 500-ից ավելի մասնակիցներ, իսկ այն հսկայական ենթակառուցվածքները, որոնք գնվել են ԵՊՀ-ի միջոցով, հետագայում տրամադրվելու են դպրոցներին, քոլեջներին, ինչը մեծ օգուտ կբերի կրթական համակարգին»,-շեշտեց ռեկտորը:

Օլիմպիադայի կազմակերպման նպատակով Հայաստանում ձևավորվել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի հայաստանյան ներկայացուցչության կազմկոմիտե, որը ղեկավարում է Գայանե Ղուկասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն օլիմպիադային մասնակցում է 2009 թվականից: 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի կողմից որոշում է կայացվել, որի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:

«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին: Դա փորձարարական փուլն է և անցկացվելու է կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա և կենսաինֆորմատիկան ուղղություններով: Տեսական փուլը կանցկացվի  հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության: Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-տեղեկացրեց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 18-ը մասնակիցները, ժյուրիի անդամները կծանոթանան Հայաստանին, կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումների, որոնք ուսուցողական բնույթ կկրեն: Նրանք կայցելեն Մատենադարան, Էրեբունի  պատմահնագիտական արգելոց-թանգարան և ժամանցի վայրեր:

Օլիմպիադայի Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից: 

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:

Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։

  • Կիսվել: