շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը. ՀՀ մասնակիցները 3-րդ տեղում են

Կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը. ՀՀ մասնակիցները 3-րդ տեղում են

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 12 երկրի 307 ներկայացուցիչ՝ Հայաստանից, Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլը տեղի է ունեցել միաժամանակ 12 մասնակից երկրներում։ Երկրորդ՝ եզրափակիչ փուլը, անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ անցած 12 երկրի 24 մասնակից պայքարել է գլխավոր մրցանակների համար։

Ողջունելով մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորել է դպրոցական օլիմպիադաներից բացի ուսանողական և համալսարանական օլիմպիադաների անցկացումը։ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է այն փաստը, որ Հայաստանն է այս օլիմպիադայի նախաձեռնողն ու կազմակերպիչը և առաջարկի դեպքում՝ այլ ուղղություններով ևս միջազգային օլիմպիադաներ կկազմակերպվեն։

Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի առաջին մրցանակին են արժանացել Արգենտինայի, երկրորդ մրցանակին՝ Սերբիայի ներկայացուցիչները, իսկ երրորդ մրցանակը կիսել են Բրազիլիայի և Հայաստանի մասնակիցները։

Նշենք, որ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ։

  • Կիսվել: