ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում

Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում

Ապրիլի 16-ին «Իշխանություն»-ը «Մոսկվա» կինոթատրոն էր բերել հարյուրավոր հանդիսատեսների: Եկել էին դիտելու այդքան քննարկված ֆիլմը: Պրեմիերայի օրվա սենանսների գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: Ցուցադրությունից առաջ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանեց՝ պատրաստ է ամեն տեսակ արձագանքի՝ նույնիսկ «սվիններով» քննադատության. «Սա իմ զգացածն է, իմ հասկացածն է, իմ վերլուծածն է, իմ ստեղծած, իմ գրած և իմ նկարահանած ֆիլմն է»:

Դերասաններն ընդգծեցին, որ այս ֆիլմում շատ մարդիկ իրենք իրենց կգտնեն, ոմանք չեն ցանկանա նույնիսկ իրենց տեսնել, կխուսափեն, այդուհանդերձ, «Իշխանություն»-ը նաև սիրո ու դավաճանության, բայց նաև անձնազոհության, հույսի ու հավատի մասին է:

«Իշխանություն» ֆիլմում խտացել են Հայաստանի վերջին 3 տարվա ամենաթեժ իրադարձությունները, որոնց փոխկապակցել է երիտասարդ աղջկա սիրո պատմությունը բոլոր դրսևորումներով՝ սիրած աշխատանք, սիրելի տղամարդ, սիրելի ընտանիք, սեր ու սկզբունքայնություն սեփական անձի հանդեպ:

«Իշխանություն»-ն արդեն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում, Կապանում, Քաջարանում և հաջորդ շաբաթվանից նաև Գյումրիում:

  • Կիսվել: