հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կայացավ «Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով հոգևոր համերգ-բանախոսությունը

Կայացավ «Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով հոգևոր համերգ-բանախոսությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, մարտի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, կայացավ «Շնորհալի Հայրապետի առաջնորդությամբ Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով երրորդ հոգևոր համերգ-բանախոսությունը՝ նվիրված Սբ Ներսես Դ. Շնորհալի Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1101-1166-1173) ի Տեր ննջման 850-րդ տարելիցին:

Այս անգամ հրավիրյալները գործարար ոլորտի ներկայացուցիչներն էին:

Հյուրերին ողջունեց Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ փոխանցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը և անդրադառնալով յուրօրինակ հոգևոր ճանապարհորդության խորհրդին:

Այնուհետև Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանն ընթերցեց Սբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Թուղթ ընդհանրական»-ից մի հատված:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն էլ անդրադարձավ Շնորհալի Հայրապետի ծառայագործությանն ու երաժշտական ժառանգությանը:

Այնուհետև «Գեղարդ» երգեցիկ խումբը կատարեց Սբ Ներսես Շնորհալու շարականներից, տաղերից, Ժամագրքի և Սբ Պատարագի երգերից (մշ.՝ Կոմիտաս Վարդապետի, Ե. Երկանյանի):

Հոգևոր համերգ-բանախոսության ավարտին, հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի, ներկաներին ընծայաբերվեց Մայր Աթոռի հրատարակած Սբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը:

Նշենք, որ հոգևոր համերգ-բանախոսությունների ազնիվ հովանավորներն են Տիարք Մարկ Բեթիսին (ԱՄՆ), Արման Դերձակյանը (ԱՄՆ), Աննա Գևորգյանը (ԱՄՆ), ինչպես նաև՝ Ամստերդամի Հայոց Սուրբ Հոգի եկեղեցին:

  • Կիսվել: