շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը՝ պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ

Կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը՝ պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա Երրորդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:

Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Ի թիվս գիտական հետաքրքրությունների և նպատակների՝ կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը՝ պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:

Արևելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա Երրորդը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում  առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

  • Կիսվել: