շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարեն Գևորգյանը վարպետության դասերով Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է հայկական պարարվեստը

Կարեն Գևորգյանը վարպետության դասերով Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է հայկական պարարվեստը

 Համայնքային և հայկական մշակույթը Արգենտինայում հանրահռչակելու, մշակույթի բնագավառում համագործակցությունն ակտիվացնելուն միտված աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ից ապրիլի 18-ը Արգենտինայում և Ուրուգվայում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը:

Գևորգյանի այցը կազմակերպվել է Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հրավերով:

Այցի ընթացքում Կարեն Գևորգյանը հանդիպել և վարպետաց դասեր է անցկացրել Բուենոս Այրեսում գործող «Գայանե», «Նարեկ», «Նաիրի» և «Մասիս» հայկական պարային համույթների համար, Արգենտինայի Կորդոբա քաղաքում գործող «Արարատ» և «Սասուն» համույթների համար:

Գևորգյանն այցելել է նաև Մոնտեվիդեո (Ուրուգվայ), որտեղ գործող հայկական համույթների՝ «Շիրազ», «Կերմանիկ», «Գայանե» և «Ծիրանի» հետ հանդիպումներն ու վարպետաց դասերը նույնպես ընդունվել են մեծ խանդավառությամբ և առաջացրել մեծ հետաքրքրություն:

Կարեն Գևորգյանն այցելել է նաև Բուենոս Այրեսում գործող երկու հայկական կրթօջախներ՝ Վինսենթե Լոպեսի հայկական վարժարան և Արծրունի հայկական վարժարան, հանդիպում-զրույց ունեցել մանկավարժների, հոգաբարձուների խորհրդի, դպրոցների սաների հետ, ինչպես նաև՝ ուսուցանել հայկական ժողովրդական պարանմուշներ:

Մշակութային նախաձեռնությունը մեծ արձագանք  է գտել Արգենտինայի և Ուրուգվայի հայ համայնքի մշակութային կյանքում՝ նոր լիցքեր և ոգևորվածություն հաղորդելով տեղի պարախմբերի մասնակիցներին և պարասերներին: Նախաձեռնությանն ակտիվորեն ներգրավված են եղել բազմաթիվ համայնքային կառույցներ, մշակութային միություններ, անհատներ, ովքեր իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել գաղափարի իրագործման աշխատանքին:

Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բալետմայստերն Արգենտինայի ժողովրդական պարերի պետական անսամբլում իրականացրել է «Հայոց գույներ» պարային կոմպոզիցիայի բեմադրական աշխատանքները:

Արգենտինայի ժողովրդական պարերի պետական անսամբլը բաղկացած է 40 պարողներից, մեծ ճանաչում ունի Լատինական Ամերիկայում, շրջագայություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Նախատեսվում է, որ բեմադրությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի պարախմբի մշտական խաղացանկում, ինչն, անշուշտ, հայկական մշակույթն ու պարարվեստը հանրահռչակելու կարևորագույն և աննախադեպ քայլ է: 

Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Գևորգյանի դասախոսությունը Արգենտինայի Արվեստների պետական համալսարանում, որին մասնակցել են համալսարանի ժողովրդական արվեստների ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, պարարվեստի մասնագետներ:  Դասախոսությանը նախորդել է հանդիպում դեկան Վիկտոր Ջիուստոյի հետ, ինչի ընթացքում ստորագրվել է Մտադրությունների մասին նամակ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի և Արվեստների պետական համալսարանի Ժողովրդական արվեստների ֆակուլտետի միջև: 

Բազմաթիվ հանդիպումների, դասախոսությունների շարքում կարևոր է եղել նաև հանդիպում-քննարկումը Արգենտինական Հանրապետության մշակույթի նախարարության պետական կազմակերպությունների վարչության ղեկավար Մարիելա Ֆլորենսիա Բոլատտիի և Արգենտինայի ժողովրդական պարերի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռաուլ Մարեգոյի հետ:

Գևորգյանը հանդիպել է նաև «Պարի դաշնային շարժման» նախագահ, պարուսույց Լուս Մարիելա Ռուգգերի Կարետոյին, որի հետ մտքեր են փոխանակել ազգային պարարվեստի բնագավառում համընդհանուր խնդիրների, մարտահրավերների և համագործակցության հեռանկարների մասին:

 

  • Կիսվել: