հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Կառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» կրթությունը կազմակերպել անգլերենով

Կառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» կրթությունը կազմակերպել անգլերենով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում որոշում կայացրեց, որով «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ–ին թույլ տվեց օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպել։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը թույլ կտա  «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին» 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:

Նշենք, որ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է ընդհանուր առմամբ 1392 սովորող, որոնցից 410 աշակերտ սովորում է ավագ դպրոցում։ Նրանցից Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) սովորող է հանդիսանում 81-ը, թեկնածու սովորող 60-ը, ավարտում են՝ 37-ը,  իսկ 2026-2027 ուսումնական տարում՝ Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) 104 սովորող:

Դպրոցի սովորողներն ունեն հաջողություններ մասնակցելով տարբեր մրցույթների, (դպրոցական առարկայական օլիմպիադաներ, Միջազգային օլիմպիադաների մաթեմատիկա, անգլերեն առարկաներից, որի արդյունքում արձանագրել են լավագույն ցուցանիշներ:

Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է:  Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում՝ նաև «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ում:

Քանի որ «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որոշման ընդունումը բյուջեում ծախսերի ավելացում չի առաջացնի։

  • Կիսվել: