շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունն ավելի քան 638 մլն դրամ է տրամադրել մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման, կառուցման աշխատանքներին

Կառավարությունն ավելի քան 638 մլն դրամ է տրամադրել մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման, կառուցման աշխատանքներին

 Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 23-ի նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում՝ 638 մլն 444 հազար դրամ գումարի չափով:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ այն ուղղված է Կառավարության երկու ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023-2030 թվականների զարգացման ռազմավարությանը:

Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի 5 մանկապարտեզի և 2 մարզադպրոցի, ինչպես նաև 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման, կառուցման և վերակառուցման աշխատանքներին:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ ՀՀ կառավարության «500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակում։

«Հաշվի առնելով վերջին տարիներին ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխությունները՝ 5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները լրացնելու կարիք կա, և պետական բյուջեից հավելյալ հատկացումներ են արվում, այդ թվում՝  2 մարզադպրոցի կառուցման ուղղությամբ»,- նշել է նախարարը: 

Ըստ այդմ՝ 461.4 մլն դրամ կհատկացվի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի, Անի համայնքի Քարաբերդ և Մարալիկ բնակավայրերի մանկապարտեզների նախագծման, Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցման և Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին:

173.6 մլն դրամ կհատկացվի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծման և Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի շինարարության համար:

4,6 մլն դրամ կուղղվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման աշխատանքներին:

Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվել 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Ավելացվել են նաև 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման աշխատանքներին, նշել է, որ աշխարհում մեծ թափով զարգանում և տարածվում է Սթրիթ վորքաութ տեսակի մարզաձևը. «Սա, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թե ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին և երիտասարդներին քրեածին դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու տեսանկյունից»,- նշել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ հստակ մեխանիզմներ և պրոֆեսիոնալ աջակցություն է պետք, որպեսզի մարդիկ օգտագործեն այդ ենթակառուցվածքները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է ՏԻՄ-երի կողմից այդ ենթակառուցվածքների հետագա սպասարկման անհրաժեշտությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Սթրիթ վորքաութ» ֆեդերացիայի հետ իրականացվել են քննարկումներ՝ մարզումներին աջակցելու և համատեղ աշխատելու տեսանկյունից: Ըստ նախարարի՝ տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կամ շենքերի բակային տարածքներում, որը կարևոր է պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կամ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ մարզահրապարակները լինելու են ներառական և հնարավորություն են ընձեռելու այնտեղ մարզվելու նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց:

Նախարարն ընդգծել է նաև խաղահրապարակների՝ ըստ մարզերի տարածքային բաշխվածության հարցը:

 

  • Կիսվել: