կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կանայք մշտապես ներշնչման աղբյուր են եղել ստեղծագործողների համար. Հայաստանի Ազգային պատկերասրահ

Կանայք մշտապես ներշնչման աղբյուր են եղել ստեղծագործողների համար. Հայաստանի Ազգային պատկերասրահ

Կանանց միջազգային տոնի առիթով Հայաստանի Ազգային պատկերասրահը տեսանյութ է տեղադրել իր էջում՝ ներկայացնելով հայ կանանց պատկերող մի քանի ստեղծագործություններ։

«Կանայք մշտապես ներշնչման աղբյուր են եղել ստեղծագործողների համար։ Արվեստի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հայտնի և անհայտ կանանց կերպարները: Նրանց դերակատարումն ու կյանքի պատմությունները չեն դադարում ոգեշնչել արվեստագետներին, որոնց ստեղծած դիմանկարներն այսօր զարդարում են աշխարհի խոշորագույն թանգարաններն ու մասնավոր հավաքածուները։

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում կանանց դիմանկարներից յուրաքանչյուրը պատմում է պատկերված կնոջ կյանքի, նրա գեղեցկության, այն ներդաշնակության ընկալումների մասին, որոնք բնորոշ են տվյալ ժամանակաշրջանում ապրող կանանց և նկարիչներին։

Գարնանային վառ տրամադրությամբ, թարմ գունամտածողությամբ, լուսաօդային միջավայրի ինքնատիպ մեկնաբանմամբ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների թվում իրենց առանձնահատուկ տեղն ունեն կանանց պատկերող անզուգական ստեղծագործությունները…»,- նշված է Ազգային պատկերասրահի էջում։

  • Կիսվել: