ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կամերային երաժշտության տունը համերգ է նվիրել կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հիշատակին

Կամերային երաժշտության տունը համերգ է նվիրել կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հիշատակին

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը մայիսի 31-ին համերգ է կազմակերպել՝ նվիրված կոմպոզիտոր, Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լևոն Չաուշյանին:

«Լևոն Չաուշյանի ստեղծագործական դասարանի շրջանավարտները` Լևոն Չաուշյանի հիշատակին» խորագրով համերգին հնչել են Չաուշյանի և նրա շրջանավարտներ՝ Արսեն Բաբաջանյանի, Արփինե Կալինինայի, Հասմիկ Հակոբյանի, Տիգրան Համբարյանի, Թեհմինե Շեֆֆերի, Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները։  

Կատարել են Անահիտ Չաուշյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Մարգարիտա Սարգսյանը (սոպրանո), «Երևան» լարային քառյակը, Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Դավիթ Հակոբյանը (ջութակ), Հենրի Երկանյանը (թավջութակ), Մարտին Ուլիխանյանը (կլառրնետ), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր), Հասմիկ Հակոբյանը (դաշնամուր), Արփինե Կալինինան (դաշնամուր)։

Լևոն Չաուշյանը ծնվել է 1946 թվականին: 1974-ին արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչման: 1983 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմպոզիտորների 30-րդ միջազգային համագումարին Չաուշյանի Երկրորդ լարային քառյակը մտել է տարվա 12 լավագույն ստեղծագործությունների մեջ: 1986-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ: Այնուհետև աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին կից սիմֆոնիկ երաժշտության կենտրոնում: 1985 թվականին հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթում Լևոն Չաուշյանի «Անհայտ զինվորին» սիմֆոնիան արժանացել է առաջին մրցանակի: 1999-2000 թվականներին Լևոն Չաուշյանը նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական խորհրդի նախագահ: Չաուշյանի երաժշտությունը կատարվել է ԱՄՆ-ում,  Ճապոնիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում,  Ռուսաստանում, Անգլիայում և այլ երկրներում: Նա եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր, 2021 թվականից՝ ամբիոնի վարիչ:

 

Հեղինակ է սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների, լարային քառյակների, կամերային-անսամբլային, խմբերգային երկերի և այլ տեղծագործությունների: Մահացել է 2022 թվականին:

  • Կիսվել: