կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կամերային երաժշտության տանը «Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա - համերգով

Կամերային երաժշտության տանը «Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա - համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա- համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին բացահայտելուն և աջակցելուն: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է՝ ուղղված բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2021 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթների, փառատոների, համերգների: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: 2021 թվականի ընթացքում ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են առցանց երաժշտական միջազգային 18 մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2021 թ. ընթացքում իրականացվել է նաև «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագիրը երիտասարդ մասնագետների՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանի (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր Սևակ Ավանեսյանի (թավջութակ), Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանի (դաշնամուր) և այլոց մասնակցությամբ: Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 100 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից:

  • Կիսվել: