երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
«Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն

«Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն

Հունիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի բացառիկ «Jazzical Komitas» համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր ու ազգային երաժշտության խորությունն ու ջազային նորարարության ազատ արտահայտչականությունը։

Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։ Համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի ունկնդրելու Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ 

Միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը  հայտնի է իր դասական վիրտուոզության և ջազային իմպրովիզացիայի պայթուցիկ համադրությամբ։ Նրա համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝ Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։

Չունենալով հայկական ծագում՝ Ջոել Մարտինի կապը Կոմիտասի երաժշտության հետ տևում է ավելի քան վեց տարի։ Նա իրեն անվանում է «ընտրված հայ»՝ իր խոր զգայական մեկնաբանություններով հուզելով հանդիսատեսին Երևանում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Նրա նախագիծն արդեն ներառում է երկու ձայնասկավառակ, իսկ երրորդը նախատեսվում է թողարկել՝ Գրեմմիի առաջադրման ժամանակ։

Այս համերգը մաս է կազմում «Jazzical Komitas» 2026–2028 թվականների համաշխարհային շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, հաջորդ համերգը Երևանում է, սպասվում է նաև Լոնդոնում։

  • Կիսվել: