շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում կկայանա հայկական Լիճք գյուղի կանանց մասին պատմող ֆիլմի պրեմիերան

Իտալիայում կկայանա հայկական Լիճք գյուղի կանանց մասին պատմող ֆիլմի պրեմիերան

Հուլիսի 6-ին Իտալիայի Պալերմո քաղաքի Sole Luna Doc միջազգային կինոփառատոնում կկայանա «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» (ռեժ. Թամարա Ստեփանյան) վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը  La Scam 2020-ի շրջանակներում արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Աստղեր ստացած ֆիլմերը, իրենց հեղինակների մասնակցությամբ, հանդիսականին կներկայացվեն Festival Les Étoiles վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ նոյեմբերի 7-8-ին  Forum des images ֆորումին։ 

kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է. ««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի  Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է  տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝  բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝  ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:

Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։

Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են:  Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։ 

  • Կիսվել: