կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրականացվելու են ութ հուշարձանների վերականգման աշխատանքներ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Իրականացվելու են ութ հուշարձանների վերականգման աշխատանքներ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Պատմամշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման համար 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 396.2 մլն ՀՀ դրամ, որի արդյունքում իրականացվելու են 8 հուշարձանի վերականգման աշխատանքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ վերականգնվելու են, մասնավորապես, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և այլն:

՛՛Այս պահին մրցութային փուլում են 9 հուշարձանների վերականգնման-գիտանախագծային փաստաթղթեր, որոնց մեծ մասը հասարակական և պետական նշանակություն ունեցող հուշարձաններ են, մասնավորապես՝ Բերդկունքը, Լոռու մարզի Բարձրաքաշի եկեղեցին և այլն՛՛,-մանրամասնեց Քոչարյանը:

Բացի այդ, ըստ փոխնախարարի, նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 օբյեկտ, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն:

Քոչարյանը վստահեցրեց, որ հուշարձանների ոլորտին լուրջ ուշադրություն է դարձվում, և հսկայական աշխատանք է տարվում դրանց վերականգման համար։

՛՛Հաջորդ տարի մեր բյուջեն հասնելու է 1,2 միլիարդի: Նման գումար երբևէ չի հատկացվել այդ ոլորտին։ Մենք համոզված ենք, որ ՀՀ կառավարության կողմից տրված գումարները հնարավորություն կտան էլ ավելի լավացնել հուշարձանների վիճակը, ունենալ զբոսաշրջային նոր ուղղություններ՛՛,-ասաց նա:

Ալֆրեդ Քոչարյանը նաև հայտնեց, որ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որը դեռ չի ընդգրկում ամբողջ պատմական Արտաշատը, սակայն նախարարությունն արդեն մշակում է սահմանների ընդլայնման նախագիծ:

  • Կիսվել: