երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուսով ենք, որ Մատենադարանի ղեկավարության մարտավարությունը չի հանգեցնի ինստիտուտի ճգնաժամի

Հուսով ենք, որ Մատենադարանի ղեկավարության մարտավարությունը չի հանգեցնի ինստիտուտի ճգնաժամի

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը մեծ ուշադրությամբ հետեւում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներին եւ տեղեկատվության։

Տարատեսակ տեղեկատվության առկայության պայմաններում դեռ պահպանելով չեզոքությունը ու անկողմնակալությունը’ հասարակական կազմակերպությունը խիստ մտահոգված է ինստիտուտում պահվող բնագրերի հետ աշխատանքի նոր ոճով, ցուցադրության ժամանակ դրանց ներկայացման եւ պահպանման կարգով’ հաշվի առնելով այդ ձեռագրերի բացառիկ նշանակությունը եւ տարիքը, իրենց վիճակը։ Միջազգային փորձը արդարացնում է ցուցադրություն ժամանակ կրկնօրինակների ներկայացումը։

Մեծ մտահոգություն է առաջացնում հին ձեռագրերի վերանորոգման աշխատանքներին մասնակից փորձառու մասնագետների կրճատումը, թոշակային տարիքի պատճառով հեռացումը։ Նոր մասնագետների սահմանափակ թվի եւ բավարար հմտությունների բացակայության պայմաններում սա կարող է դառնալ լրջագույն խնդիր եւ ոչ միայն հանգեցնել բնագրերի կորստյան, այլ նաեւ հեռացնել Մատենադարանը հին ձեռագրերի հետազոտման եւ վերականգնման միջազգային խոշորագույն ինստիտուտների շարքից։

Հուսով ենք, որ Մատենադարանի ներկայիս ղեկավարության մարտավարությունը չի հանգեցնի ինստիտուտի գործունեության ճգնաժամի, նրա միջազգային համբավի նսեմացման, բացառիկ գրականության կորուստի։
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հետեւելու է բոլոր գործընթացների եւ հարկ եղած դեպքում օրենքին համապատասխան կդիմի համապատասխան քայլերի»։

  • Կիսվել: