երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Հուսո առագաստ 2024» հեղինակային երգի միջազգային փառատոնը 9-րդ անգամ համախմբում է հեղինակային երգի ներկայացուցիչներին և ժանրի սիրահարներին

«Հուսո առագաստ 2024» հեղինակային երգի միջազգային փառատոնը 9-րդ անգամ համախմբում է հեղինակային երգի ներկայացուցիչներին և ժանրի սիրահարներին

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և Բարդերի ակումբը մեկնարկել են «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային  9-րդ փառատոնը: Այս անգամ ևս  փառատոնը կընթանա 3 փուլով՝ նախընտրական,  ընտրական և սևանյան:

Նախընտրական փուլի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական  փուլին, որը կկայանա հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Մասնակիցների կացության և սննդի ծախսերը կապահովվեն  փառատոնի կողմից։

Փառատոնի սևանյան  փուլը կներառի երկու համերգային օր և տեղի կունենա ս.թ. հուլիսի 19-21-ը՝  Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։ Համերգներին կմասնակցեն ընտրական փուլի արդյունքում ձևավորված 2024 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն  տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և ավագ սերնդի արդեն հայտնի ու սիրված երգահանները։

Հուլիսի 20-ի գալա համերգային ծրագիրը կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և նպատակն է հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը,  տրամադրել բեմ, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ հեղինակային երգի  սիրահարների ու երգահանների միջև շփման համար:

  • Կիսվել: