կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներսիսյան հոգևոր դպրոցի Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել հուշատախտակի բացում

Ներսիսյան հոգևոր դպրոցի Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել հուշատախտակի բացում

Հունվարի 26-ին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում։

«Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Կովկաս համալսարանի ռեկտոր Կախաբեր Կորձաիան և այլք:

Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։

Ցուցահանդեսում ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, թանգարաններում, Մ․Մաշտոցի անվան Մատենադարանում և մասնավոր հավաքածուներում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը ներկայացրել է ցուցադրվող լուսանկարների պատմությունը։

Միջոցառման ավարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին համալսարանի գլխավոր մուտքի առջև բացել են Կովկաս համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակը։
Ցուցահանդեսը Կովկաս համալսարանում կշարունակի գործել առաջիկա երեք շաբաթների ընթացքում։

       

  • Կիսվել: