հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հունիսի 2-5-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանում բալետ ֆեստ»-ը (տեսանյութ)

Հունիսի 2-5-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանում բալետ ֆեստ»-ը (տեսանյութ)

Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 

Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: 

«Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա փառատոնը: Մենք շարունակելու ենք ամենը՝ բարձրարժեք արվեստը հասանելի դարձնելու մեր բնակչությանը: Սպասվում է բալետային իրական հրավառություն»,-նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: 

Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի ընթացքում տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ: 

«Այս փառատոնը կարևոր էլեմենտ է մեր քաղաքի կյանքում: Եվ կարևոր է շատ, որ այս ամենը հասանելի է մեր համաքաղաքացիներին բոլորովին անվճար»,-ասում է մաեստրո Կարեն Դուրգարյանը: 

Երևանյան բալետային օրերը 2023-ից հետո մշակութային ամենասպասված իրադարձություններից են: Հանդիպման վայրը՝ անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին: Հանդիսատեսին այս տարի սպասում է նաև հետաքրքիր անակնկալ՝ առավել հարմարավետ վայելելու երեկոները: 

«Մենք պատարստել ենք հատուկ բարձեր՝ պայուսակներով, որոնք կբաժանվեն մեր հանդիսատեսին»,-նշում է Գոշ Սարգսանը:

Մշակութային բացառիկ նախագծերը Երևանը դարձնում են տարածաշրջանի մշակութային կենտրոն: «Երևանում բալետ ֆեստ»-ը ջնջում է վարագույրե պատն ու սպասում հանդիսատեսին՝ միախառնելու հույզերն ու ապրումները:

  • Կիսվել: