չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հստակեցվել են  «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված դեռևս չվերականգնված թվով 25 տուփ ժապավենների փոխանցման ժամկետները

Հստակեցվել են «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված դեռևս չվերականգնված թվով 25 տուփ ժապավենների փոխանցման ժամկետները

 Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիմը օրերս է վերադարձել  Բեռլինից, որտեղ  մասնակցել է  Բեռլինալեին կից եվրոպական կինոշուկային՝  աշխատանքներ  ծավալել հայկական տաղավարում։ Կինոշուկան աշխարհում հայտնի է  որպես ամենապահանջված հարթակը՝ համատեղ արտադրության ֆիլմերի գործընկերների,  ինչպես նաև տարբեր կինոնախագծերի և  ֆիլմերի վերականգնման, ֆինանսավորման աղբյուրների որոնման, ինչպես նաև բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

2023-ին հայկական տաղավարում անցկացվել են տարբեր հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ։  

Մասնավորապես

Կինոկենտրոնի պատասխանատուները հանդիպել են Ֆրանսիայի CNC-ի եվրոպական և միջազգային հարցերով փոխտնօրեն՝ Միշել Պլազանետի և միջազգային բաժնի ղեկավար Ջերեմի Կեսլերի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների առավել ինտենսիվ համագործակցության ուղիները, ինչպես օրինակ՝ «Aide aux cinémas du monde» («Աջակցություն համաշխարհային կինոթատրոններին») հիմնադրամի կամ կրթական ծրագրերի միջոցով կազմակերպել 2-3-ամսյա սցենարական դասընթացներ սկսնակ և շնորհալի սցենարիստների համար:

Վրաստանի կինոկենտրոնի փոխտնօրեն Մայա Չիլաշվիլիի հետ քննարկվել է 2023 թ․ Հայ կինոյի 100 ամյակին ընդառաջ Վրաստանում Հայկական ֆիլմերի ցուցադրության շաբաթ կազմակերպելու հարցը։ Բացի այդ, քննարկվել է նաև 2024 թվականին Թբիլիսիում Ս.Փարաջանովի 100-ամյակի առթիվ «Կինոյի տաճար» ինստալյացիայի ցուցադրությունը կազմակերպման մանրամասները, ինչպես նաև հիշյալ միջոցառումները կազմակերպել Վրաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ։

Բեռլինում Փարաջանովի «Կինոյի տաճար» ինստալացիային առնչվող որոշ հարցեր են հստակեցվել ֆիլմերի վերականգնման փորձագետ, պրոդյուսեր Դանիել Բըրդի հետ, հստակեցվել են  «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված դեռևս չվերկանգնված թվով 25 տուփ ժապավենների փոխանցման ժամկետները:

Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն Էլիզե Ժալադոյի հետ քննարկվել է 2023-ի  նոյեմբերին Սալոնիկի ՄԿՓ-ում հայկական ֆիլմերի ցուցադրության կազմակերպման հարցը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին և ցուցադրել  հայ կինոռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Հանդիպում  է տեղի ունեցել նաև Մոնտենեգրոյի կինոկենտրոնի տնօրեն Ալեքսանդրա Բոզովիչի հետ, որ ընթացքում քննարկվել է օգոստոսին Հերցեգ Նովի քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնի օրերին առանձին ծրագրով անցկացնել հայկական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Հայ կինոյի հարյուրամյակին: Միաժամանակ նախատեսվում է ստորագրել  երկկողմ համագործակցության համաձայնագիր երկու կինոկենտրոնների միջև՝ Cannes Marche du Film-ի օրերին։

Venice Classics-ի  ծրագրի ղեկավար Ջիրոնի Ֆեդերիկոյի հետ քննարկվել է 2023 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում Venice Classics հարթակում վերականգնված հայկական դասական ֆիլմ ներկայացնելու հնարավորությունը: Իսկ Բեռլինի կինոփառատոնի Berlin Classics ծրագրի ղեկավարի՝ Աննիկա Հաուպցի հետ քննարկվել է 2024 թվականին Բեռլինալեում՝ հատուկ Classics-ի համար ներկայացնել վերականգնված հայկական մեկ կինոնկար՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական։ 

WEMW-ի և Ալեսանդրո Դրոպլերոյի հետ քննարկվել է Հայաստանի մասնակցությունը WEMW-ի արտադրական հարթակին։Պայմանավորվածություն է ձեռք բերվել Տրիեստեում կազմակերպել եռօրյա թրեյնինգ՝ Հայաստանի, Վրաստանի Մոլդովայի երիտասարդ կինոարտադրողների համար։

  • Կիսվել: