կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրատարակվել է «Մատյան ողբերգության» աղոթամատյանի աշխարհաբար թարգմանության 3-րդ վերահրատարակությունը

Հրատարակվել է «Մատյան ողբերգության» աղոթամատյանի աշխարհաբար թարգմանության 3-րդ վերահրատարակությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի` Միսաք Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար (արևմտահայերեն) թարգմանության երրորդ վերահրատարակությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և «Նարեկ»-ի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Երկրորդ՝ վերանայված հրատարակությունը (2018 թ․), որն իրականացվել էր Ս․ Էջմիածնի Հրատարակչության կողմից, մեծ ընդունելություն էր գտել  ընթերցողների կողմից և առկա տպաքանակը շատ արագ սպառվել էր։

Ուստի Ս․ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ձեռնամուխ եղավ կազմարարական և տպագրական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով ընթերցողի սեղանին դնել երրորդ վերահրատարակությունը։

Հիշեցնենք, որ «Նարեկ»-ի երկրորդ (2018 թ․) վերանայված հրատարակությունը պատրաստվել էր պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի († 2019 թ․)  և Մայր Աթոռի Ս․ Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչության տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի կողմից: Խմբագրական բնույթի աշխատանքների և վերջաբանի հեղինակը պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանն է։

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

  • Կիսվել: