կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ-ում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: Այն նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։

Շուրջ  38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից:

Փառատոնային օրերի ընթացքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «ԱՅԲ» դպրոցում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում և «Երևակ» կրթահամալիրում, ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմերը, ինչպես նաև անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ և աշխատարաններ։

ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը (Գեղարքունիքի մարզ), Տավուշի թեմի առաջնորդարանում (Իջևան, Տավուշի մարզ), Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում (Լոռու և Շիրակի մարզեր) նույնպես կցուցադրվեն լավագույն փառատոնային անիմացիոն ու խաղարկային ֆիլմեր, կանցկացվեն ցուցահանդես-մրցույթներ։ Փառատոնը կկրի «Դեպի հույս» խորագիրը. միջոցառումներին առավելագույնս կներգրավվեն Հայաստանում բնակություն հաստատած արցախցի երեխաներն ու պատանիները:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր ֆիլմեր, կիրականացվի «Հայկական  ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում  ներկայացված են 12 հայկական ֆիլմեր: Կանցկացվի «Վիշեգրադ+Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագրով հատուկ ծրագիրը, որի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան), մասնավորապես, Սլովակիայից՝ «Superfilm» կինոարտադրող ընկերությունը, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը և Վրաստանից՝ «Culture and Education Foundation» հիմնադրամը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը. ներկայացված են 7 խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր: Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում և ՀՀ 2 մարզերում (Տավուշ, Գեղարքունիք):

Փառատոնի բացման  արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Կարմիր մեծ դահլիճ):

Փառատոնի փակման  արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Կարմիր մեծ դահլիճ):

Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով:

  • Կիսվել: