կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում կկայանա Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

ՀՀ-ում կկայանա Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հիմքում հայ դասական և ժամանակակից պոեզիայի վերածնունդն է։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կազմակերպիչները մանրամասներ ներկայացրին, թե ինչ են նախատեսել։ Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
 
«Ինձ համար անակնկալ էր այս մրցույթը, բայց անմիջապես կողմնորոշվեցի, որ եթե կա երաժշտության մեջ առավել կարևոր բնագավառ, դա հայկական դասական երաժշտությունն է ու դասական պոեզիան , որոնք մեր օրերում հատուկ խնամքի կարիք ունեն»,- ասաց Մանսուրյանը։
Մրցույթի կայացման նախաձեռնողը «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն է։ Նրա խոսքով՝ իրենց առջև դրված է երկու կարևոր խնդիր․ առաջինը` նպաստել, որ երկրի ներսում ստեղծվի մշակութային միջավայր և այն չլինի այլ երկրների մշակույթի ազդեցության տակ, և երկրորդ՝ աշխարհին ներկայացնել հայ մշակույթն ու պետությունը։
 
«Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը մեզ լիարժեք հնարավորություն է տալիս այդ երկու նպատակներին հասնել։ Մաեստրոն միջազգայնորեն ճանաչված արվեստագետ է, և նրա անունը մեզ կօգնի մեր պետությունը դրսում ներկայացնել ու մագնիսի նման ձգել կոմպոզիտորների, հեղինակների, որոնց հետ փոխադարձ շփումները հնարավորություն կտան առաջ մղել մեր մշակույթը երկրից դուրս»,-ասաց Բարսեղյանը։
 
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի պատասխանատու Սոնա Վերդյանն էլ իր հերթին նշեց, որ հոկտեմբերի 15-ից կա հնարավորություն ծանոթանալու մրցույթի կանոններին։ «6 ամիս ժամանակ է տրված, որպեսզի ստեղծագործող անձինք տրամադրվեն, ուսումնասիրեն հայ գրական հենքը՝ պոեզիան, և սկսեն ստեղծագործել։ Պոեզիայի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա։ Բոլոր ժամանակների հայկական դասական, ակադեմիական պոեզիան ընդունելի է»,-ասաց նա։
 
Նրա խոսքով՝ օտարերկրացիների համար ընդունելի է նաև անգլերեն թարգմանված տարբերակի վրա աշխատելը։ «Մենք բաց ենք, կարող են դիմել, յուրաքանչյուր հարցով , տեխնիկական թարգմանություններով կարող ենք ապահովել, ստեղծագործությունների ընտրության վերջնաժամկետն ապրիլի 1-ին է»,-ասաց Վերդյանը։
Հավելենք, որ ժյուրիի կազմն արդեն ձևավորված է, որի ցանկում են նաև աշխարհահռչակ թավջութակահարներ Անյա Լեխները,Ալեքսանդր Ռուդինը։
 
Առաջին մրցանակային տեղի համար նախատեսված է 3000 ԱՄՆ դոլար, երկրորդ տեղի համար՝ 2000 ԱՄՆ դոլար և երրորդի համար՝ 1000 դոլար մրցանակ։ Ըստ կազմակերպիչների՝ մրցանակային ֆոնդը լիովին համապատասխանում է միջազգային մրցույթի չափանիշներին։

  • Կիսվել: