շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:

Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:

Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր և հարուստ ժառանգությունը, որում արձանագրված են Հայոց ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունեն՝ որպես Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություններ:  Դրանք նաև վկայությունն են այն իրողության, որ աշխարհը քաջատեղյակ էր հայերի դեմ կատարվող հանցագործությանը: 

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:

 

  • Կիսվել: