երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի հաղթող ֆիլմը

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի հաղթող ֆիլմը

Վենետիկի 80-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծին» արժանացել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Աղքատ-դժբախտները» ֆիլմը, հայտնում է РИА Новости-ն։ Ֆանտաստիկ մելոդրաման ի սկզբանե եղել է մրցութային ծրագրի ֆավորիտներից մեկը՝ ֆիլմում գլխավոր դերակատարներն են եղել Էմմա Սթոունը եւ Ուիլեմ Դեֆոն։

Այս ֆիլմը պատմում է մի հրաշք արարածի մասին, եւ այն չէր լինի առանց Էմմա Սթոունի՝ մեկ այլ հրաշք արարածի: Այս ֆիլմն իրենն է, առանց նրա դա չէր լինի»,- մրցանակը ստանալիս ասել է Լանտիմոսը։

Սթոունը մարմնավորել է կնոջ դերը, ում մահից հետո կյանքի է վերադարձնում գիտնականը, որին մարմնավորում է Դեֆոն։ Դրա համար նա փոխպատվաստում է իր դեռեւս չծնված երեխայի ուղեղը:

Ֆիլմի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «The Lobster», «The Killing of a Sacred Deer», «The Favourite»:

Լավագույն ռեժիսորի մրցանակն այս տարի ստացավ իտալացի Մատեո Գարոնեն՝ «Կապիտան» ֆիլմի համար։ Սա աֆրիկացի միգրանտների պատմությունն է դեպի Եվրոպա: Ֆիլմի գլխավոր դերերից մեկի կատարողը՝ սենեգալցի Սաիդու Սարը, որպես երիտասարդ դերասան ստացել է Մարչելո Մաստրոյանիի մրցանակը։

Կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Չարը գոյություն չունի» ճապոնական ֆիլմը։ «Վոլպիի գավաթը» որպես լավագույն դերասանուհի ստացավ Կեյլի Սփենին, ով խաղացել է Էլվիս Փրեսլիի կնոջ մասին պատմող «Պրիսցիլա» ֆիլմում։ Լավագույն դերասան անվանակարգում մրցանակի դափնեկիր է դարձել Պիտեր Սարսգարդը՝ Միշել Ֆրանկոյի «Հիշողություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար։

  • Կիսվել: