ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում

Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում

Թբիլիսիում գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերվել է մի քանի տասնյակ տապանաքար և 5 մարդու աճյուն։ Մասունքները գտնվել են հողամասում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ։
 
Ինչպես հաղորդում է Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, որոշում է կայացվել անմիջապես դադարեցնել աշխատանքները և այնտեղ հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։
 
Հնագիտության և մշակութային ժառանգության հետազոտությունների ծառայության հնագետ Զուրաբ Գիորգաձեն նշել է, որ խոսքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հուղարկավորությունների մասին է:
 
«Երկու շաբաթ առաջ մեզ հայտնեցին գտածոյի մասին։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ խոսքը գերեզմանոցի մասին է։ Այդ տարածքում նախկինում գտնվում էր Տիրամոր հայկական վանքը՝ վանքի մայր տաճարը»,- ասել է նա։
 
Նախնական տվյալներով՝ պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Հովհաննես Տեր-Պողոսյանին, իսկ մյուսը՝ նրա կնոջը։ Վանքն ունեցել է օժանդակ շինություններ, իսկ տաճարի հյուսիսային և հարվային կողմից մատուռ ուներ։ Այս վայրում արձանագրվել է մի քանի տասնյակ տապանաքար, որոնցից միայն երկուսն է նույնականացված։
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թբիլիսիի մշակույթի նախարարության շենքի վերակառուցման ընթացքում հայտնաբերված հնագույն մնացորդները փոխանցվել են Խոջիվանք պանթեոնին, որտեղ թաղված են հայ գրողներ և հասարակական գործիչներ։
ր։
 
Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Տեա Ցուլուկիանին նշել է, որ եկեղեցին բավականին մեծ է եղել և թեմի համար ծառայել է որպես մայր տաճար։
 
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն էլ նշել է, որ վրացական կողմի արձագանքը 2 երկրի միջև բարեկամության և քրիստոնեական ժառանգության հանդեպ Վրաստանի իշխանությունների հարգանքի հերթական նշանն է: Նա ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այդ քայլը։
 
Մասունքներն ու սալիկները փոխանցվել են Վրաստանի հայ համայնքին։ Հայ Առաքելական եկեղեցու թեմում հոգեհանգստյան արարողությունից հետո նրանք վերահուղարկավորվելու են Խոջիվանք հայկական պանթեոնում:

  • Կիսվել: