հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում կունենանք արվեստների ավագ դպրոց, արվեստների համալասարան, այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն. Փաշինյան

Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում կունենանք արվեստների ավագ դպրոց, արվեստների համալասարան, այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն. Փաշինյան

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ Հայ կինոյի 100 ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում, (2022-2023 թթ.) և նախատեսվող հոբելյանական միջոցառումները իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական  միջոցառումների իրականացում: 

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով ներգրավվել ենք համաշխարհային գեղարվեստական պրոցեսների մեջ: «Այս համատեքստում, ինչպես նաև հայ կինոյի հիմնադրի` Համո Բեկնազարյանի 130-ամյա հոբելյանի շրջանակում, այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսը եղել է և այն տարածվում է աշխարհի տարբեր գրադարաններում և հայագիտական կենտրոններում», -ասել է նախարարը:

 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումների ծրագիրը բազմաբաղադրիչ է. «Այստեղ մենք ունենք թե՛ հրատարակչական ծրագրեր, թե՛ միջազգայնացմանը նպաստող ծրագրեր: Շատ եմ կարևորում, որ մենք ունենք հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման և հանրային խոսույթի զարգացման տեղական ծրագրեր, որոնք կիրականացվեն մայրաքաղաքում և մարզերում: Մասնավորապես, իրականացնելու ենք «Հայկական կինոդար» ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից, տևելու է մեկ տարի: Հայկական կինոյի շուրջ 100 դասական և ժամանակակից ֆիլմեր են ցուցադրվելու  մարզերում և Երևանում»:      

Կառավարության ղեկավարը կարևորել է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով: «Կինո նշանակում է նաև տեխնոլոգիաներ, որովհետև ժամանակակից աշխարհում այն ֆիլմերը, որոնք հենված չեն տեխնոլոգիական լուծումների վրա՝ առնվազն շատ քիչ են: Հարցը նաև գտնվում է կրթության ոլորտում, որովհետև եթե չկա համապատասխան կրթություն, մենք չենք կարող ունենալ ոլորտի զարգացում: Արդեն գիտեք, որ Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում մենք կունենանք,  արվեստների ավագ դպրոց, արվեստների համալասարան՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Այսինքն՝ սա նշանակում է, որ այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն: Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող համերգասրահ կամ կինոդահլիճ, կինոթատրոն, թատրոն և այսպես շարունակ, որտեղ հենց այդ կրթական կլաստերի ներկայացուցիչները և ոչ միայն նրանք, ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն կունենան: Սա ծրագրի մի հատվածն է: Զուտ աշխարհագրական առումով այդ կրթական կլաստերը կզարգանա՝ ընդհուպ կհասնի  մինչև Աշտարակի Ֆիզիկայի ինստիտուտի տարածք, որտեղ կլինի տեխնոլոգիական կլաստերը: Այս ամբողջ նախագիծը մենք անվանում ենք ակադեմիական քաղաք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ոլորտի զարգացմանն ուղղված ամենաերկար քննարկված   ծրագրերից մեկն է, որը պետք է հետևողականորեն իրականացնել:      

  • Կիսվել: