կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայաստանը միանում է Մշակութային ժառանգության ասիական դաշինքին

Հայաստանը միանում է Մշակութային ժառանգության ասիական դաշինքին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը, նպատակ ունենալով զարգացնել մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունները և համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունը ողջ Ասիայում՝ տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց, խթանել մարդկանց ուղիղ հաղորդակցությունն ասիական երկրների միջև, դյուրացնել ասիական քաղաքակրթությունների փոխանցումը և ձևավորել Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնք:

Մշակութային ժառանգության ասիական դաշինքն իրականացնում է հետևյալ գործունեությունը.

1.աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման և արտահանման կանխարգելում և մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում,

2.համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,

3.մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,

4.փոխանակման ծրագրերի և համագործակցության արդյունքների և ձեռքբերումների տարածում։

Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում Մշակութային ժառանգության ասիական դաշինքի կանոնադրությանը միանալը:

  • Կիսվել: