կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում կկանոնակարգվի թանգարանների ոլորտը. խորհրդարանը քննարկեց նոր նախագիծը

Հայաստանում կկանոնակարգվի թանգարանների ոլորտը. խորհրդարանը քննարկեց նոր նախագիծը

Հայաստանում նախատեսվում է օրենքի մակարդակով կանոնակարգել թանգարանների ոլորտը, օրենքով կսահմանվեն թանգարանների տեսակները, գործառույթները և այլ կարևոր հասկացություններ:

Թանգարանների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:

«Դեռևս չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը: Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները և օգտագործման նպատակները, թանգարանի ֆոնդերը համալրելու, հաշվառելու և հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների հավաքածուների աջակցության ձևերը, թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները, ատեստավորման մեխանիզմները…»,-ասաց Քոչարյանը:

Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը և այլն:

Փոխնախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը, հիմնականում ամրագրվել են միջազգային ընդունված հասկացությունները, չափորոշիչներն ընտրվել են՝ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում:

Նախագծի հոդվածներից մեկով սահմանվում է, որ թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա` վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանություն՝ դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե այս մասով մտավախություն չեն տեսնո՞ւմ: «Մամուլում էլ գրվել է, որ ռեստավրացիայի անվան տակ կամ ցուցադրվող հավաքածուի անվան տակ, գուցե այս ամրագրումներով բավականին կարևոր նմուշներ մեր թանգարաններից կորել են և հայտնվել արտերկրում՝ ոչ բարեխիղճ դեսպանների գործունեության շնորհիվ»,-հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարն ասաց, որ դա կապված չէ մատյանների հետ, թանգարանների միջև առարկաների ժամանակավոր փոխանակումը շատ տարածված գործընթաց է: Այսինքն՝ եթե որևէ թանգարան որևէ ցուցադրություն է կազմակերպում, նաև օգտվում է իր գործընկեր թանգարանների ֆոնդերից, դրա համար մշտական գրանցման կարիք չկա:

  • Կիսվել: