չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը. ԿԳՄՍՆ

Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ կունենան ժամանակի հայտնի երաժիշտները. դաշնակահարներ՝ Նիկիտա Մնդոյանցը, Վանեսսա Բենելլին, Սալիմ Աշքարը, Անահիտ Դիլբարյանը, Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահարներ՝ Նենսի Ժուոն, Մարկ Բուշկովը, Ջովանի Անդրեա Զանոնը, կիթառահար՝ Շուֆեյ Յանը, թավջութակահարներ՝ Բրանոն Չոն, Սևակ Ավանեսյանը, ֆլեյտահարներ՝ Նոյեմի Գյորին, Գևորգ Ավետիսյանը, ֆագոտահար՝ Նիկոլայ Պողոսյանը, կլարնետահար՝ Ֆաբրիցիո Մելոնին, ինչպես նաև Խաչատրյանի անվան դաշնամուրային եռյակը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգների ընթացքում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Էլգարի, Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆրանսիս Պուլենկի, Ալեքսանդր Թանսմանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Նշենք, որ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Համերգները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։

«Ես հպարտ եմ այս հրաշալի քաղաքում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի առթիվ։ Մեծ պատիվ է փառատոնը կյանքի կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ մեր վաղեմի և թանկագին գործընկերներից մեկի հետ, որը կիսում է դասական երաժշտության ժառանգությանն առնչվող մեր գաղափարներն ու մոտեցումները։ Վստահ եմ, որ այս փառատոնը մեր հաջող համագործակցության ևս մեկ օրինակ կդառնա, և բոլորին կոչ եմ անում միանալ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ երաժշտական այս տոնին»,- ասել է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։

«Ուրախ եմ, որ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» հետ մեր համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, և նոր նախագծերի ստեղծման ճանապարհին մեր մոտեցումներն ու ցանկությունները համընկնում են։ Վստահ եմ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող բոլոր արտիստները մեր երկրից կգնան՝ իրենց հետ տանելով հայ ունկնդրի ջերմ ընդունելությունը, իսկ երաժշտասերները փառատոնի 14 համերգների երկացանկում կգտնեն իրենց հոգեհարազատ երաժշտությունը»,- ընդգծել է Սերգեյ Սմբատյանը։

 

  • Կիսվել: