շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում հուշարձաններ վերականգնողների` քարագործ վարպետների քանակի հետ կապված խնդիր կա. Հարություն Վանյան

Հայաստանում հուշարձաններ վերականգնողների` քարագործ վարպետների քանակի հետ կապված խնդիր կա. Հարություն Վանյան

Հայաստանում հուշարձաններ վերականգնողների` քարագործ վարպետների քանակի հետ կապված խնդիր կա։ Այս մասին Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

«Այս տարի երկու հուշարձանի դեպքում շինարարական կազմակերպություններ չունենք մասնակցող, ինչը նաև խոսում է, որ համապատասխան վարպետներ և մասնագետներ չենք գտնում, որոնք կկարողանան բարդագույն եկեղեցիներ վերականգնել»,-նշում է նա։

Վանյանն ընդգծեց, որ հուշարձաններ վերականգնողների հմտությունները փոխանցելու անհրաժեշտություն է առաջացել։ Այս խնդրի լուծման հետ կապված` քննարկում են միջին մասնագիտական օղակներում նման մասնագիտություն ավելացնելը, որը կտա այն պատրաստվածությունը, որ կարողանան հետագայում աշխատել հենց եկեղեցիների քարի վերականգնման, քարի հետ աշխատանքի գործում։

«Այսինքն` կրթական բաղադրիչներ ներմուծելով է հնարավոր խնդիրը լուծել։ Միևնույն ժամանակ միջազգային շատ առաջավոր փորձերի ծանոթ ենք, անընդհատ կապի մեջ ենք և փորձում ենք Հայաստանի պայմաններում տեղայնացնել այդ փորձերը»,–ասաց նա։

Մեկ այլ խնդիր էլ հուշարձանների վերականգնման մեջ քարի գույների անհամապատասխանությունն է շինությանը։

Պատճառն այն է, որ վերականգնման ժամանակ հնարավոր չի լինում քար վերցնել նույն հանքից, որտեղից որ վերցվել է հուշարձանը պատրաստելու համար։

ԿԳՄՍ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ 2023 թվականին հուշարձանների վերականգնման համար հատկացվել է մոտ 400 միլիոն դրամ` չհաշված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերականգմանն ուղղված ևս 260 մլն դրամը։

«Վերականգնման աշխատանքներն ընտրվում են ըստ հրատապության, կիսատ մնացած աշխատանքներն ավարտելու և եկեղեցիները կամ հուշարձաններն ամբողջացնելու սկզբունքով։ 2022 թվականի տվյալներով` հրատապ միջամտության ենթակա և վերականգնման ենթակա հուշարձանների ցանկը 550-ից ավելի է»,-հավելեց Վանյանը։

  • Կիսվել: