ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը

Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։ Նոյեմբերի 27, ժամը 19:00, դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։

Որպես մենակատար՝ երեկոյին հանդես կգա դաշնակահար Սոնա Բարսեղյանը։  Համերգային ծրագրում Պրոկոֆևի, Բախի, Դվորժակի, Բարտոկի ստեղծագործություններն են։

Նուրհան Արմանը ծնվել է Ստամբուլում, 13 տարեկանում հանդես է եկել առաջին մենահամերգով։ Արժանանալով Դիսնեյի հիմնադրամի կրթաթոշակի՝ տեղափոխվել է ԱՄՆ։

Sinfonia Toronto-ի երաժշտական ղեկավարն է հենց մաեստրոն է 1998 թվականին հիմնադրել այդ նվագախումբը։ Վերջինս այսօր Կանադայի լավագույն կամերային նվագախմբերից մեկն է։

Նուրհան Արմանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում՝ ղեկավարելով այնպիսի առաջատար երաժշտախմբեր, ինչպիսիք են Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Իտալիայի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Հունգարիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր։

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում հայազգի մշակութային գործիչներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով` ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը։

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով է ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը։ Դեկտեմբերին նախատեսվում է ևս մեկ համերգ, որի ընթացքում կներկայանա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։

  • Կիսվել: