Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար: Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում.
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով: Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ: