Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովին, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Խորհրդարանների ղեկավարները նախ շրջայց են կատարել «Թումո» կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
Այնուհետեւ կողմերն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ հյուրերը ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, շփվել երեխաների հետ եւ դիտել կենտրոնի սաների մասնակցությամբ պարային եւ երաժշտական բեմադրությունները:
ԱԺ նախագահը գրքեր եւ երեխաների համար ճանաչողական խաղեր է նվիրել կենտրոնին եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Օրվա ավարտին երկու պետությունների խորհրդարանների ղեկավարները մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի եւ Չեխիայի ազգային թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացմանը:
Հայաստանի պատմության եւ Չեխայի ազգային թանգարանների միջեւ ստորագրվել է հուշագիր: