երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի պարի պետական և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլների համար տարին հոբելյանական է

Հայաստանի պարի պետական և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլների համար տարին հոբելյանական է

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65, իսկ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը՝ 85-ամյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ Երևանում և մարզերում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ:

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Պարի պետական անսամբլի 65-ամյակի համերգը: Կներկայացվեն ինչպես ծանոթ, այնպես էլ նոր բեմադրություններ: Հոբելյանական տարվա համար վերականգնվել են պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել անսամբլի պարացանկում։ Կցուցադրվի նաև նոր ստեղծված փաստավավերագրական ֆիլմ՝ անսամբլի 65-ամյա պատմության մասին։

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա «Ալթունյան» անսամբլի 85-ամյակի համերգը։ Երկու բաժնից բաղկացած համերգային ծրագիրը հագեցած կլինի մեկդարյա պատմություն ունեցող անսամբլի ոսկե ֆոնդ համարվող մշակումներով և բեմադրություններով, ինչպես նաև՝ նորացված երկացանկով: Կցուցադրվի նոր ստեղծված փաստավավերագրական ֆիլմ՝ 85-ամյա անցած ուղու մասին։

Վաստակաշատ անսամբլները համատեղ համերգային ծրագրով կներկայանան երևանյան հանդիսատեսին 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Միջոցառումները կազմակերպել է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը:

  • Կիսվել: