կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր դարձավ Վարդան Ազատյանը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր դարձավ Վարդան Ազատյանը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Վարդան Ազատյանի ընտրության արդյունքները հաստատվեցին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները»,– ասված է որոշման մեջ:
 
Նշվում է, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է սահմանված բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
 
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մրցույթը տեղի է ունեցել մայիսի 6-ին։ Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին գրանցվել էր երկու հավակնորդ՝ արվեստագիտության թեկնածուներ Վարդան Ազատյանն ու ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը:
 
Ռեկտորի ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով (1 անվավեր քվեաթերթիկ) դոցենտ Վարդան Ազատյանն ընտրվել է ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

  • Կիսվել: