ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու. ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում գերհամակարգիչ տեղակայելու մասին

Կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու. ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում գերհամակարգիչ տեղակայելու մասին

2024 թվականի մայիսի 31-ից «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնն աշխատում է. այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր աշխատում են: Օգտագործում են այդ ենթակառուցվածքը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողականությամբ այդ ռեսուրսները, և ավելի քան 30 նախագծերի վրա գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Ինժեներական քաղաքում» տեղակայված գերհամակարգչին: 

«Ամբողջ ներուժի կեսն է օգտագործվում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, նշանակում է, որ սարերի հետևում չէ այն պահը, որ գերհամակարգիչն իր ողջ ներուժով կօգտագործվի»,- նշեց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախորդ տարի նոր գերհամակարգչի գնում է իրականացվել, և դեկտեմբերի 26-ին այն արդեն Հայաստանում էր:

«Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են. տեղակայման վայրը ԵՊՀ-ն է, և այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, մենք ոչ թե ունենք «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի կրկնություն, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառույթի հնարավորութուններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Այդ հաշվարկները կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական կենսաբժշկական հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների համար էլ կարող են օգտագործվել»,- նշեց նախարարը: 

Նա ընդգծեց, որ քանի որ այն ԵՊՀ-ում է տեղակայվելու, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու: «Անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը կրթական ռազմավարության մեր կարևոր նպատակներից է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ ամեն ինչ պատրաստ է, և տեղադրման հարցերը կարգավորելով՝ հնարավոր կլինի մեկնարկել նաև կենտրոնը: «Մենք պլանավորել ենք, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկենք մայիսից. կարծում եմ՝ տարեվերջին կենտրոնը կգործի և կկարողանա ծառայել իր նպատակին»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

  • Կիսվել: