կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայ կինոգործիչները հանդիպեցին Եվրիմաժի ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին իրենց նախագծերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայ կինոգործիչները հանդիպեցին Եվրիմաժի ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին իրենց նախագծերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ  հանդիպում-քննարկում Երեւանում գտնվող Եվրիմաժի (Eurimages)  նախագահ Քեթրին Թրոտմանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի եւ ծրագրերի ղեկավար Իրիս Կադուի մասնակցությամբ:

Հայ կինոարտադրողների, կինոբուհերի ուսանողության, դասախոսական կազմի, ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց Եվրիմաժի առաքելությունն ու անհատական հանդիպումներ անցկացվեցին Սյուզան Նյումանի եւ Իրիս Կադուի հետ։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը խոսեց Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացման ապագայի համար նման հանդիպումների կարեւոր նշանակության մասին։ 

d58ac315-96d1-44fa-b4eb-1742b8e1454f.jpeg (77 KB)

«Ես ուրախ եմ, որ հետաքրքրությունը մեծ է իմանալ, հասկանալ այն կարեւոր հնարավորությունը, որ տալիս է այս համագործակցությունը։ Մեր հոբելյանական տարում՝ հայ կինոյի 100-ամյակին, առիթ ստեղծել, որ հայ կինոարտադրողը կարողանա այսպիսի բացառիկ հնարավորություն ունենալ, շատ կարեւոր քայլ է, եւ ես շատ ուրախ եմ այս ակտիվ մասնակցության համար»,-իր խոսքում նշեց Միրզախանյանը։ 

Եվրիմաժի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը խոսեց Հայաստանի նման փոքր կինոարտադրություն ունեցող երկրների փորձի շուրջ՝ հորդորելով հայ կինոարտադրողներին՝ օգտագործել Եվրիմաժի ընձեռած հնարավորությունները՝ պատրաստել ճշգրիտ փաթեթներ, դիմել եւ ստեղծել շատ ֆիլմեր։

«Մենք շատ ուրախ ենք եւ շնորհակալ Հայաստանի կինոկենտրոնի հետ այս համագործակցության համար։ Ես այստեղ տեսնում եմ ուսանողների եւ համարձակ պրոդյուսերների, որոնք փորձում են իրենց աշխատանքը հասցնել համաշխարհային մակարդակի, ինչին նպաստելը մեր ընկերության առաքելություններից է»,-հավելեց նա։ 

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ նախկինում Եվրիմաժից ֆինանսական աջակցություն ստացած կինոգործիչները, որոնք իրենց փորձով կիսվեցին՝ ընկերությանը դիմել ցանկացող գործընկերների  հետ։

Հիշեցնենք, որ հրավերի պայմանավորվածությունը՝ Կինոկենտրոնի տնօրենի եւ Եվրիմաժի նախագահի միջեւ, ձեռք էր  բերվել դեռեւս այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոշուկայում։ 

  • Կիսվել: