կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով Երևան կժամանեն Եվրիմաժի պատասխանատուները

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով Երևան կժամանեն Եվրիմաժի պատասխանատուները

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով հոկտեմբերի 26-27-ին, Երևան կժամանեն Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանը և փորձագետ Իրիս Կադունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հրավերի պայմանավորվածությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի և Եվրիմաժի նախագահի միջև ձեռք էր բերվել դեռևս այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոշուկայում։ Հայ կինոյի հոբելյանական տարվա առթիվ Եվրիմաժի գործընկերների հրավերը Հայաստան ևս մեկ անգամ ամրապնդում է համգործակցության ու զարգացման ուղին՝ կինոարտադրության եվրոպական առաջատար հիմնադրամի հետ։

Եվրիմաժի պատասխանատուները հոկտեմբերի 27-ին կհանդիպեն հայ կինոարտադրողների հետ։ Եվրոպացի հյուրերը մասնակիցներին կծանոթացնեն Եվրիմաժի գործունեությանը և համատեղ կինոնախագծեր ներկայացնելու ընթացակարգերին: Հանդիպմանը մասնակցելու են նաև հայաստանցի այն կինոարտադրողները, որոնք նախկինում ֆինանսական աջակցություն են ստացել Եվրիմաժից։

Եվրիմաժի պատվիրակության մշակութային ծրագիրը ներառում է այցելություններ Փարաջանովի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մատենադարան։

Սա Եվրիմաժի պաշտոնյաների երկրորդ հայաստանյան այցն է․ առաջինը տեղի է ունեցել 2018 թ. մարտին Երևանում. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացել են Եվրիմաժի Կառավարման խորհրդի 150-րդ հոբելյանական նստաշրջանի աշխատանքները։

 

  • Կիսվել: