կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ազգային գրադարանը լայն լսարանին ներկայացրեց «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գիրքը

Հայաստանի ազգային գրադարանը լայն լսարանին ներկայացրեց «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գիրքը

Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հանրության լայն շրջանակին ներկայացրեց «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» ծավալուն գիրքը, որի վրա աշխատել են շուրջ երկու տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ մարդն ու գիրքն ունեն մեկ ընդհանրություն՝ մարդը լույս աշխարհ է գալիս, իսկ գիրքը լույս է տեսնում, երկուսն էլ լույս են բերում: «Մեր գրադարանի գերակա ուղղությունը մատենագիտությունն է: Չկա որևէ գիտություն, որում հետազոտություն արվի՝ այն չսկսելով ու չավարտելով մատենագիտությամբ: 1937 թվականին գրադարանը սկսել է իր հրատարակչական գործունեությունը, որի 85-ամյակը նշեցինք նախորդ տարի»,-հիշեցրեց Չուլյանը:

Նա տեղեկացրեց, որ Ազգային գրադարանի կայքում շտեմարանները համալրվել են նոր թվային պահոցով: «Այն գիտական, մատենագիտական արտադրանքը, որն 85 տարի հրատարակել է գրադարանը, թվայնացվում է: Կայքում այսօր կարող եք տեսնել մեր մատենագիտությունները, հրատարակչական գործունեությունը, որն իրականացվել է հինգ ուղղությամբ, կենսամատենագիտությունը, որոնց ցանկում շատ շուտով կտեսնեք նաև Չարենցի մատենագիտության էլեկտրոնային տարբերակը՝ հավելումներով: Կներկայացվի նաև այն նյութը, որը ծավալի պատճառով չենք կարողացել զետեղել գրքում»,-ասաց գրադարանի տնօրենը:

Մատենագիտությունը դեռ Չարենցի 100-ամյակին պետք է պատրաստվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը կյանքի չի կոչվել: Վերջապես մեծ գրողի 125-ամյակի առթիվ հնարավոր է եղել կազմել  և հրատարակել գիրքը:

Մատենագիտության ստեղծման գործում մեծ դերակատարություն ունի հրատարակության պատասխանատու խմբագիր Հայկանուշ Ղազարյանը, որը կարողացել է մեկ հարթակում հավաքել Չարենցին վերաբերող հսկայածավալ ու կարևորագույն  նյութեր:

Ղազարյանն ասաց՝ 2021 թվականի հունիսից են սկսել աշխատել գրքի վրա: Այն ավարտել են 2023 թվականի օգոստոսին: Նա ընդգծեց՝ մատենագիտությունն ունի հետաքրքիր կառուցվածք, որն է՝ Եղիշե Չարենցի գրքերը, Չարենցի կազմած ու խմբագրած գրքերը, նրա թարգմանած գրքերը, Չարենցի մասին գրքերը և օժանդակ ցանկեր:

Գրքի կազմի և սուպերշապիկի ձևավորման հիմք է հանդիսացել Եղիշե Չարենցի 1932 թվականի «Երկերի»՝ Տաճատ Խաչվանքյանի ձևավորումը: Գրքի գլխավոր խմբագիրը Դավիթ Գասպարյանն է, պատասխանատու խմբագիրը՝ Հայկանուշ Ղազարյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Միջոցառումը գեղեցիկ կատարմամբ զարդարեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Շնորհանդեսն ուղեկցվեց գրականության ցուցադրությամբ, որում ներկայացված էին Ազգային գրադարանի հարուստ հավաքածուներից Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ և նշանավոր նկարիչ-ձևավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձևավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր և շատ այլ նյութեր։

«Եղիշե Չարենց. Մատենագիտություն»-ը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ։

  • Կիսվել: