հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ազգային գրադարանը 103 տարեկան է

Հայաստանի ազգային գրադարանը 103 տարեկան է

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է:

103 տարի առաջ այս օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ:

Հոբելյանաշատ 2022-ին լրանում է նաև Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման՝ Արական գիմնազիայի հավաքածուի հիման վրա ֆոնդերի ձևավորման 190-ամյակը։ Կարևոր դերակատարություն ունենալով հայ ժողովրդի գիտամշակութային կյանքում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանը զբաղվել է նաև գրահրատակչական գործունեությամբ։ Գրադարանի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1937թ.-ին։ Այս տարի լրանում է նաև գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը։

Գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան «Հիշարժան տարեթվեր» օրացույցն է։ Այն լույս է տեսնում 1947 թվականից և հրատարակվում է մինչ օրս. 2022-ին լրանում է օրացույցի հրատարակության 75-ամյակը։

Իսկ հայ գրատպության 510-ամյակը այս տարվա գլխավոր հոբելյանն է։

Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է աննախադեպ միջազգային գիտաժողով՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով, որը նվիրված է հայ գրատպության 510- ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

✅Հիշարժան այս օրվա առթիվ շնորհավորում ենք բոլորիս՝ աշխատակիցներին, ընթերցողներին, գրադարանի բարեկամներին, գործընկերներին և ողջ հայությանը:

  • Կիսվել: