ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով. ԿԳՄՍՆ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով. ԿԳՄՍՆ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջեւ իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաեւ Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» (մենակատար՝ Կիրիլ Սոլդատով, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

«Անհամբեր սպասում ենք այս համերգին, երբ համերգասրահը կրկին կլցվի մեր հավատարիմ ունկնդրի ջերմ ներկայությամբ: Ամբողջական նվագախմբով «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին անգամ ելույթ ենք ունեցել մարտի 13-ին՝ մոտ ինն ամիս առաջ: Դեկտեմբերի 11-ի համերգին մեր նվագախմբի մեծ բարեկամ, վիրտուոզ շեփորահար Կիրիլ Սոլդատովի հետ կատարելու ենք հայկական դասական կոմպոզիտորական արվեստի լավագույն ստեղծագործությունները: Մեծ խոնարհմամբ համերգը նվիրում ենք Արցախում կռված մեր հերոս տղաներին, նրանց սխրանքը միշտ վառ պիտի պահենք մեր սրտերում եւ այնպես ապրենք, որ արժանի լինենք նրանց անձնազոհ ոգուն»,- նշել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

ՀԱՖՆ-ը վերսկսում է նաեւ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ծրագրերը: Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, կներկայացվեն մեծ կոմպոզիտորի թիվ 5 եւ 6, իսկ դեկտեմբերի 17-ին՝ թիվ 1 եւ 4 սիմֆոնիաները: Անտեսված չեն մնա նաեւ Ֆիլհարմոնիկի մանկահասակ ունկնդիրները. դեկտեմբերի 23-ից 26-ը՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն հատվածներ Չայկովսկու հեքիաթային «Շչելկունչիկ» բալետից, սպասվում են նաեւ բազմաթիվ անակնկալներ:

Համերգների ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

 

  • Կիսվել: