հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջիկայում հանդես կգա խոշոր համերգներով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջիկայում հանդես կգա խոշոր համերգներով

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, շարունակում է ներկայանալ համերգային ծրագրերով:

Փետրվարի 15-ին կհնչի Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

 

«Այս հնգամաս մեծակտավ սիմֆոնիան բարձր նշաձող է յուրաքանչյուր բարձրակարգ նվագախմբի համար, իսկ կենդանի կատարմամբ դրա ունկնդրումը մեծ իրադարձություն է երաժշտասեր հասարակության համար»,- նշել է Էդուարդ Թոփչյանը:

Դիրիժորը հավելել է, որ, անշուշտ, գեղեցկագույն երաժշտություն է, բայց նաև շատ բարդ: Այն գրված է նվագախմբի և երգչախմբի մեծ կազմերի և երկու մենակատարների համար, Մալերը բոլոր գործիքները շատ նուրբ է օգտագործել և, չնայած մեծ կազմին՝ ոչինչ չի «գոռում», այն հնչում է որպես մեծակտավ կամերային երաժշտություն:

Այդ օրը որպես մենակատարներ հանդես կգան համաշխարհային մեծ համբավ ունեցող, հայաստանյան ունկդրի կողմից սիրված, մեր հայրենակցուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան:

Մալերն իր 2-րդ սիմֆոնիայի ընթացքում փնտրում է կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները, արտահայտում մահվան պատճառած ցավի, դատարկության և դրա հանդեպ մարդու անզորության զգացմունքները: Ստեղծագործությունն ավարտվում է հետևյալ պոետիկ խոսքերով. «Դու հարություն կառնես, այո՛, կարճատև քնից հետո հարություն կառնես մոխրից»:

Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը կկայանա փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ:

Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Ծրագրում կհնչի Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա):

Մարտի 2-ին տեղի կունենա ջութակահար, մեր հայրենակից Սերգեյ Խաչատրյանի սպասված համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շումանի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բրամսի թիվ 4 սիմֆոնիան: Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

  • Կիսվել: