ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է դատարան՝ Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ասորական համայնքին վերադարձնելու պահանջով

Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիան դիմել է դատարան՝ Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ասորական համայնքին վերադարձնելու պահանջով

Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիան Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ասորական համայնքին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան։

Հիշեցնենք, որ եկեղեցու շուրջ վիճաբանությունը սկսվել է դեռևս 2007 թվականին։

Այս հարցով «Խայադթան» դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկել են հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար պատմական փաստերը և որոշելու, թե ումն է եկեղեցին, սակայն բոլոր տեղերից մերժում են ստացել։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն ասաց. «Եկեղեցին, որը վիճարկվում է, 1868 թ-ին կառուցվել է ասորիների կողմից։ Պարզվում է, որ 2018 թ-ին ինչ-որ նվիրատվություն է եղել՝ մեր եկեղեցին Էջմիածնին։ Ստիպված էինք տալ դատարան, որ ապացուցենք՝ եկեղեցին ասորական է, ասորի ժողովրդի ժառանգությունն է, հետևաբար, դա պետք է վերադարձվի մեզ»:

Ասորական Դիմիտրով և հայկական Մասիս գյուղերում 1 կմ հեռավորությամբ 2 եկեղեցի է եղել, ասորական համայնքի պնդմամբ՝ հայկական եկեղեցին խոնարհվել է, իսկ ասորական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում է որպես հայկական։

Գասպարյանը նշեց նաև. «Հիմա իրենք այդ հայկական եկեղեցու փաստաթղթերը փորձում են ներկայացնել որպես մեր ասորական եկեղեցու փաստաթղթերը։ Երբ հարց բարձրացրի՝ ուր է ձեր Մարիամ Աստվածածին եկեղեցու փաստաթղթերը, ասում են՝ չկա։ Ինչպես կարող է հայկական եկեղեցու, այն խոնարհված եկեղեցի է, փաստաթղթերը բացակայեն։ Բացակայում են մեր եկեղեցու փաստաթղթերը, քանի որ այն ուղղափառ է և երբևէ չի գրանցվել ո՛չ Էջմիածնում, ո՛չ Ազգային արխիվում։ Սակայն իրենք դա ներկայացնում են որպես մեր եկեղեցու փաստաթուղթ»:

Նրա խոսքով՝  2007 թ-ից հետո եկեղեցու 7 ուղղափառ սրբապատկերներն անհետացել են։ Գասպարյանն  ասաց. «Մենք ունենք գյուղացի, որը հայ էր, դարձել է հայ առաքելական եկեղեցու հոգևորական, սակայն նա ինչ-որ մի հարցով նեղացել էր և ասաց՝ դե կտեսնեք ձեր հալը, և այդ ամենից սա սկսվեց՝ 2007-2008 թ-ից։ Նա սկսեց վրեժ լուծել ասորի ժողովրդից»:

  • Կիսվել: