շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Աշոտ Ջազոյանի «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Աշոտ Ջազոյանի «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ հայտնի լրագրող և ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

 «Ֆիլմը մի քանի ամիսների ընթացքում կատարված մեծ աշխատանքի և անցյալ տարվա աշնանը ՀՌՀ հարթակում անցկացված «Ռուսաստան-Հայաստան. Գործընկերություն հանուն ապագայի» մեդիա ասամբլեայի արդյունքն է։ Աշոտ Ջազոյանը հսկայական ներդրում ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Իսկ այսօր, երբ նշում ենք Մայրենի լեզվի օրը, և Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ մենք դիտում ենք համատեղ ստեղծված այս վավերագրական ֆիլմը՝ ՀՌՀ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ։ Սա պետք է վերածենք ազգային և ռուս-հայկական հարստության»,- նշեց ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

Իր հերթին Աշոտ Ջազոյանն ընդգծեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդ լրագրողների առաջին և եզակի համատեղ նախագիծն է։ Ֆիլմը նվիրված է երկու ժողովուրդների հարաբերությունների մետաֆիզիկային։

«Մենք 60 հոգուց բաղկացած հիանալի թիմ ունեինք: Դա միջազգային, ռուս-հայկական խումբ էր, և մի քանի օր մասնակիցները միասին պատմություններ էին կերտում Հայաստանի բնակիչների մասին։ Անչափ շնորհակալ եմ համալսարանին, որը ոչ միայն օգնեց կազմակերպմանը, այլև ապահովեց ամենակարևորը. ՀՌՀ ուսանողները նկարահանեցին տարբեր պատմություններ՝ օգնելով իրենց ռուս գործընկերներին ճանաչել երկիրը»,- ասաց Ջազոյանը։

ՀՌՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը նշեց, որ այս նախագիծը մի քանի մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն է տվել ոչ միայն կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, այլ նաև բերել նրանց իրական մշակութային համագործակցության դաշտ, զգալ ոչ թե խոսքերով, այլ գործնականում հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգին։

 Ֆիլմի ցուցադրության ավարտին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական և բանագնաց Մաքսիմ Սելեզնևը նշեց. «Կարծում եմ, որ նման ֆիլմերը պետք է ցուցադրվեն ոչ միայն լայն էկրանով, այլ նաև կենտրոնական հեռուստաալիքներով։ Պետք է տարեցտարի ավանդույթ դարձնել նման ցուցադրությունները, որպեսզի ստանանք «Արարատ սարի լանջին» ֆիլմաշար։ Դրանք կդառնան յուրօրինակ տարեկան հաշվետվություն, թե ինչպես է փոխվում Հայաստանը»։

Հիշեցնենք, «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի 60 երիտասարդ լրագրողների և լուսանկարիչների մասնակցությամբ (տևողությունը՝ 39 րոպե): Ֆիլմը իր ամբողջական դրամատուրգիայով ամփոփել է 20-ից ավելի 1,5 րոպեանոց տեսանյութ։

 Փետրվարի 28-ին տեղի կունենա ֆիլմի շնորհանդեսը նաև Մոսկվայի «Կոսմոս» կինոթատրոնում։

Նշենք, որ ֆիլմը ստեղծվել է «Լրագրողների համագործակցություն» մեդիա կոնգրեսի կողմից՝ «4 ֆորմատ» պրոդյուսերական կենտրոնի, Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Ռուսաստանի լրագրողների միության, Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ և ՌԴ Նախագահի դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ։

  • Կիսվել: