չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայ-իտալական մշակութային սերտ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. դեսպան Ծովինար Համբարձումյան

Հայ-իտալական մշակութային սերտ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. դեսպան Ծովինար Համբարձումյան

Փետրվարի 16-ին Ռավեննայում տեղի է ունեցել «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի բացումը։
 
Համաժողովը կազմակերպվել է Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության և քաղաքակրթությունների մշակույթի պատմության ֆակուլտետների, ինչպես նաև Միջերկրական ծովի և Արևելքի ուսումնասիրությունների իտալական ասոցիացիայի (ISMEO) կողմից:
 
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Բոլոնիայի համալսարանի պրոռեկտոր Ռաֆաելա Կամապները, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ISMEO ասոցիացիայի նախագահ Ադրիանո Ռոսսին, գերապատիվ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը։
 
ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իր խոսքում նշել է, որ այսօր Իտալիան հայագիտության կարևոր կենտրոն է Եվրոպայում և տեղեկացրել, որ այս ուսումնական տարվանից Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզուն և մշակույթը։
 
Իր խոսքում դեսպանն անդրադարձել է մեր տարածաշրջանում ներկայիս իրավիճակին:
 
«Մեր տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, և հայերը մի քանի անգամ ստիպված են եղել լքել իրենց պատմական հողերը, և, ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք կառուցել և կերտում են իրենց ազգային ինքնությունը պատմական փաստերի յուրացման և կեղծման հիման վրա։ Սա հատկապես արդիական է հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։
 
Նման քաղաքականությունը շատ վտանգավոր է, քանի որ նպատակ ունի արմատախիլ անել հայկական ինքնությունը և դրանով իսկ սահմանափակել արցախահայերի՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը։ Էթնիկ զտումների այս քաղաքականության ապացույցն է այն իրական հումանիտար ճգնաժամը, որն այսօր ստեղծում է Ադրբեջանը Արցախում՝ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ բնակչությանը զրկելով սննդից, դեղորայքից, էլեկտրականությունից, գազից։
 
Հայ-իտալական մշակութային սերտ հարաբերությունները այսօր ակտիվորեն զարգանում են:
 
Սակայն ես ստիպված եմ այսօր խոսել նաև առկա իրողությունների մասին՝ ընդգծելու համար, թե որքան կարևոր և արժեքավոր է այն աշխատանքը, որ դուք՝ հայագետներդ, այժմ անում եք՝ կանխելու համար պատմությունը, ինքնությունը և մշակույթը կեղծելու փորձերը՝ ի շահ մեր ընդհանուր մարդկային և քաղաքակրթական արժեքների»,- ասել է Ծովինար Համբարձումյանը:

  • Կիսվել: