երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայ Ավետարանական միությունը հնարավոր կարողություններով կնպաստի Հայաստանի զարգացմանը. միության նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայ Ավետարանական միությունը հնարավոր կարողություններով կնպաստի Հայաստանի զարգացմանը. միության նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել միության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ Սիլիկոնային հովիտ կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:

Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:
 

  • Կիսվել: