Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը:
Ըստ այդմ՝ 9,322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ բուհերի 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: