ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը

Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը

Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը ամբողջապես կարգավորված չէ: Ներկայում մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն:

Այս հանգամանքով պայմանավորված, երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար: Առաջարկվող նոր իրավական ակտով կբարեփոխվի մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը, որի արդյունքում նաև կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Ըստ այդմ՝ մշակութային արժեքի կեղծ և սկզբնական փորձաքննության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում լիազորված պետական մարմինը իրավասու կլինի պահանջելու կրկնակի փորձաքննություն: Արդյունքում՝ կկանխարգելվի արտահանման համար ներկայացվող մշակութային արժեքների կեղծումը, ոչ հավաստի փորձագիտական եզրակացությունների շրջանառումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:

  • Կիսվել: